ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ժամանակը բանաստեղծի առաջ

Ժամանակը բանաստեղծի առաջ
05.07.2023 | 19:47

Ժամանակը հոսում է…

Այո՛, ժամանակը հոսում է և լցվում մոռացության գետը: Կուլ է տալիս ամեն ինչ՝ մարդկանց, իրադարձությունները, պատմությունը, մշակույթը…

Սակայն եթե ժամանակը հոսում է սրտի միջով, ապա ծնվում է քրոնիկոն, վավերագրություն, ժամանակագրություն՝ պսակված գեղարվեստով, փրկված մոռացումից:

Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի սրտի միջով անցած ժամանակն է դրված մեր սեղանին, նրա «Նոր քրոնիկոնը»` գրված հատու գրչով, քանդակեն տողերով:



«Նոր քրոնիկոնը» մի հայելի է, որ ցույց է տալիս իր մեջ նայողի մեղքը: Երբ կարդում ես քրոնիկոնը, նայում ես հայելուն, տեսնում ես մեղքդ, և հայելին մաքրվում է, քրոնիկոնը դառնում ազնիվ, քրոնիկոնի թափը՝ արդար:

Ահեղ խտացումներ և ահռելի լիցքեր պարունակող բառեր են և պատկերներ, որոնք պայթում են հոգուդ մեջ և փշաքաղում միտքդ:

Ընթերցողի մեջ զարմանալի զգացողություններ է ծնում այս զարմանալի գիրքը, որը ծնվել է տառապանքից ու տառապանք է ծնում, որը ծնվել է լույսից ու լույս է ծնում, որը բառ է, ու անբառ ես դառնում դու:

Ամեն ապրողի հետ ես ապրում եմ, այո՛,

ու մեռնում ամեն մեռնողի հետ կրկին,–

ա՛խ, ինչքան շիրիմ ունի հողը հայոց,

նույնքան անգամ էլ մեռել է իմ հոգի՛ն –

և նույնքան անգամ ես ինձ հարց եմ տվել.–

ինչպե՞ս է, որ դեռ ապրում եմ ու կամ…

- Մի՞թե նրանք, ովքեր հանգյան ի Տեր,

ինձ զորավիգ են… գերեզմանի՜ց անգամ:

«Քրոնիկոնը» Քրոնոսի նման չի խժռում ու ոչնչացնում իր զավակներին, այլ ասում է՝ նայի՛ր իմ աչքերի մեջ ու տես քո պատկերը, տես քեզ և ինքդ որոշիր քո պատիժն ու պարգևը:

«Նոր քրոնիկոնը» մի գիրք է` դրված մեր սեղանին, և նրա մեջ տրոփում է կյանքը, հայ կյանքը՝ անցած բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի պրիզմայով և տարրալուծված բոլոր գույների՝ փռված մեր առջև անտեսանելի ինֆրակարմիրից մինչև նույնքան անտեսանելի ուլտրամանուշակագույնը:

Ժամանակը հոսում է, և ամեն ինչ հոսում է ժամանակի միջով: Բանաստեղծի նյարդերը ծայրահեղորեն պիրկ են և քնարի լարեր են, որ նվվում են ու թրթռում են ցավագին, արձագանքում երգի տառապանքով, և այդ արձագանքը մի հզոր կամերտոնի պես ընթերցողի սրտին է փոխանցում ժամանակի հոսքը, թրթռացնում նրա նյարդերը, ալեկոծում միտքը:

Լույսը բացվում է-ոչ բարին հետը,

գիշերն է գալիս-չարը չի խափանում,

առավոտն արդեն հույսի դուռ չի բանում,

իսկ գիշերն, ինչպես խավար առնետը,-

սողոսկում, մտնում է խավար կրծքիդ տակ

ու կրծում կյանքիդ ժամերը խավար…

- Որ կարող էին լո՜ւյս դառնալ քեզ համար,

իսկ հիմա կորչո՛ւմ են - անհե՛տ, անհիշատա՛կ:

Իրականության այնքա՜ն եղերական խորքեր է շոշափում բառի ոգին, որ սերը նույնիսկ դառնում է տանջալի երազ՝ իր շքեղության մեջ նսեմ, վեհության մեջ գիջական, անկումի մեջ երազային ու սուրբ:

Տանջալի վայելք է «Նոր քրոնիկոնի» ընթերցումը, այսինքն՝ իսկը կյանքն է:

Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

«9-րդ հրաշալիք», հ. 421, 2007

Դիտվել է՝ 4288

Մեկնաբանություններ